Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:


